E N D
Վերսալը Փարիզից 24 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղատիպ ավան էր, որն արքան ընտրել էր որպես որսորդական դղյակի կառուցման վայր։ Լյուդովիկոս XIII-ին այս կառույցը հարկավոր էր իր սիրած զբաղմունքին տրվելու համար։ Նրա ժառանգորդ Լյուդովիկոս XIV-ը, որը նույնպես որսորդության հանդեպ անտարբեր չէր, այս տարածքն օգտագործելու ավելի հեռահար նպատակներ ուներ։ Նա բավարարված չէր արդեն իսկ գոյություն ունեցող արքայական պալատներով (Լուվր, Թյուիլրի) և 1660թ. որոշեց Վերսալի տարածքում մի նոր, առավել շքեղ պալատ և հարակից այգի կառուցել։ Թագավորը նպատակ ուներ այստեղ տեղափոխել թագավորական ողջ արքունիքը, և կառույցը պետք է լիներ աննախադեպ մեծ չափերի և վեհաշուք։ Վերսալյան համալիրի հանդիսավորությունն ու դասական համաչափությունը կոչված էին խորհրդանշելու այն երկրի վեհությունն ու հզորությունը, որին տիրակալում էր Լյուդովիկոս XIV-ը։ Պալատի հսկայական չափերը և սքանչելի դեկորը շեշտակիորեն պետք է ընդգծեին թագավորական իշխանության ուժը և երկրի միաբանությունը։
Վերսալյան պալատի ընդլայնման և վերակառուցման աշխատանքները, ինչպես նաև այգու հատակագծումը հանձնարարվեց ֆրանսիացի ճարտարապետներ Ժյուլ Արդուան-Մանսարին, Անդրե Լենոտրին և Շարլ Լըբրենին։ Վերջինս դարձավ նաև սրահների գեղանկարչական-դեկորատիվ ձևավորումների հեղինակը։ Լըբրենին էր հանձնարարված նաև այգու շատրվանների հատակագծումն ու ձևավորումը։ Վերսալյան համալիրը, համակցելով իր մեջ տարբեր օժտվածության տեր մեծ վարպետների մտահղացումները, ի ցույց է դնում ֆրանսիական արվեստի հարստությունն ու ճկուն մտածողությունը, որը բնորոշ էր XVII դարի ամբողջատիրական ոգուն։ Լյուդովիկոս XIV-ը աննախադեպ մեծ գումարներ ծախսեց այս կառույցի վրա։
Վերսալյան այգիներն իրենց պերճաշուք քանդակներով, զարմանք պատճառող շատրվաններով, լողավազաններով, արհեստական ջրվեժներով և անձավներով, փարիզյան բարձրատոհմիկների համար դարձան պալատական խրախճանքների վայր. այստեղ առաջին անգամ կատարվեցին Ժան-Բատիստ Լյուլիի օպերաները, բեմադրվեցին Ռոսինիի և Մոլիերի պիեսները։ Պատկերավոր ընկալմամբ' վերսալյան համալիրը նման է մի հսկայական բեմահարթակի, որտեղ, մեկը մյուսին հաջորդելով, պալատական կյանքի դրվագներն էին ընթանում։ Լյուդովիկոսի հետնորդները փորձեցին շարունակել և ճոխացնել այս ավանդույթը։ Օրինակ, Մարի Անտուանետը հենց այս տարածքում կառուցեց իր թատրոնը, որտեղ մտերիմների և պալատականների հետ հովվերգական պիեսներ էին բեմադրում' իրենց իսկ պատկերացնելով որպես գեղջկուհիներ և գեղջուկներ։ Այս հովվերգական սենտիմենտալիզմը բնորոշ էր XVIII դարի «ինտիմ» զվարճասիրությանը։
Իսկ XVII դարը համակված էր զանգվածային զգացողություններով, ռացիոնալ մտածողությամբ, և Մարի Անտուանետի թատրոնը լոկ մի փոքր, աննշան դեկոր է վերսալյան մեծադիր ամբողջության մեջ։ XVII դարն իմաստավորված էր կլասիցիստական արվեստի վեհաշքությամբ, որում իշխում էին բանականությունը, կանոնավորվածությունը և պետական մտածողության մասշտաբայնությունը։ • Վերսալյան այգին կառուցվել է ճահճուտների վրա։ Բնության ողջ ռելիեֆն այստեղ կերտված է մարդու ձեռքով։ Մեծ ճարտարագիտական միտք և երևակայություն էր պետք նման վայրում շատրվաններին ջուր հասցնելու համակարգ նախագծելու համար։ Վերսալյան այգիների տարածքը զբաղեցնում է 101 հա տարածություն։ Ընդ որում, այգին իր մեջ ներառում է լայն աստիճանաթռիչքներ, դիտարկման հրապարակներ, ծառուղիներ և ջրանցքների մի ամբողջ համակարգ։ Ընդունված էր նույնիսկ վերսալյան այս փոքրիկ հատվածն անվանել փոքր Վենետիկ։
Նյութըպատրաստեց՝ ԷլիզաԵղիազարյանը